Մեր մասին


Համառոտ պատմությունը



«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը ֆրանսերեն լեզվի արագընթաց ուսուցման առաջին մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում: Հիմնադրվել է 1992թ. մայիսի 11-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Հայաստան, Փոխանակում և Աջակցություն» («Armenie, Echange et Promotion») կազմակերպության կողմից:

Կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպերի մարզի Մարզային խորհրդի, Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի, Գրենոբլ քաղաքի քաղաքապետարանի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցության շնորհիվ:

 

Կենտրոնն առաջիններից ներդրեց օտար լեզուների դասավանդման ինտերակտիվ մեթոդիկան, որը տարիներ շարունակ կիրառվում է մեծ արդյունավետությամբ:
Նորաստեղծ Հայաստանի համար ամենադժվարին ժամանակներում անգամ «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը ֆրանսերեն լեզվի բարձրակարգ դասընթացներ է իրականացրել հասարակության լայն շրջաններում, ՀՀ իշխանության ամենատարբեր մարմիններում` օգնելով հաղթահարել լեզվական հաղորդակցմանն առընչվող առկա խոչընդոտները:
Ընդառաջ գնալով հասարակական լայն պահանջարկին` 2000 թ-ից «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը ֆրանսերենին զուգահեռ սկսեց իրականացնել նաև անգլերեն լեզվի դասընթացներ:
Միաժամանակ սկսվեցին ակտիվ համագործակցություններ պետական և ոչ պետական տարբեր կազմակերպություններ հետ: «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի որակյալ ծառայություններից տարիներ շարունակ օգտվել և այսօր էլ շարունակում են մեծ հաջողությամբ օգտվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են` ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, մի շարք առևտրային բանկեր, ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակները, «Օրանժ Արմենիա» ընկերությունը, հյուրանոցային տարբեր ցանցեր և այլն:


2004թ-ից «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը ստանձնեց միանգամայն նոր և ոչ պակաս կարևոր գործառույթ: Այն է` հայ-ֆրանսիական քույր-քաղաքների միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսախոսության տարածման գործառույթ իրականացնել ՀՀ տարբեր քաղաքներում: Արձանագրվեցին փայլուն հաջողություններ: «Երբ ազատ հաղորդակցվելը դառնում է հաճելի» նշանաբանի ներքո հարյուրավոր երիտասարդներ Հայաստանի տարբեր քաղաքներում (Սևանում, Գորիսում, Վարդենիսում, Գավառում) «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի անմիջական օժանդակությամբ կարողացան ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն, հնարավորություն ստացան հաղորդակցվելու եվրոպական մշակույթին, պատմությանը, արժեքներին:
Հայ-ֆրանսիական քույր-քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2008 թ-ից «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը զբոսաշրջության բնագավառում հայտնի ֆրանսիական «AFRAT» ընկերության հետ միասին մեծ ծավալի աշխատանքներ է կատարում ՀՀ տարբեր վայրերում զբոսաշրջության ժամանակակից ձևերի զարգացման ուղղությամբ:
Ոչինչ միանգամից չստեղծվեց և միան ժամանակը եղավ որակի իրական ուղենիշը: Պահանջվեցին արդյունավետ աշխատանքի երկար տարիներ` արձանագրելու համար հաջողության և որակի նոր հաղթանակներ:


Դասավանդող
անձնակազմը


«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի դասավանդող անձնակազմը բարձրագույն լեզվաբանական կրթությամբ երիտասարդ կադրեր են, որոնց մեջ նուրբ ձևով համադրված են մարդկային և մասնագիտական բարձր որակները: Նրանք ոչ միայն հրաշալի տիրապետում են իրենց կողմից դասավանդվող լեզվին, այլև ուսուցման ընթացքում կիրառվող մեթոդիկային` հանդես բերելով մանկավարժի ինքնատիպ հատկանիշներ: Նախքան դասընթացներին ներգրավվելը դասավանդող անձնակազմը կենտրոնում անցնում է երկարատև մեթոդական վերապատրաստում, ինչը հետագայում օգնում է որակական հետաքրքրություն առաջացնել դասավանդող նյութի մատուցման ժամանակ և դյուրին դարձնել նրա յուրացումը ուսանողների կողմից: